Մխիթարյանն արեց իր գործը, բայց… Ինչը խանգարեց «Արսենալին» «Օլդ Տրաֆորդում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Հյուրերը երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն կոպիտ սխալի հետևանքով 3 միավոր չվաստակեցին:

Ի տարբերություն 14-րդ տուրի «Տոտենհեմի» հետ մրցավեճի՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին տակտիկական անակնկալներ չմատուցեց: Էմերին որոշակիորեն թարմացրել էր կազմը՝ հիմնական կազմում Մխիթարյանի և Ջակայի փոխարեն ընդգրկելով Ռեմսիին և Գենդուզիին: Նշենք, որ երկու թիմերն էլ խաղը սկսեցին 3-4-2-1 հայելային մարտավարությամբ: Եթե Էմերին արդեն իսկ գործածել էր այս մարտավարությունը, ապա Ժոզե Մոուրինյոյի կողմից այս դասավորությամբ պայքարելը ինչ-որ տեղ անսպասելի էր: Անսպասելի էր նաև թիմի առաջատարներից Պոլ Պոգբային հիմնական կազմից դուրս թողնելը: Ուժեղ մրցակիցների հետ սկզբունքային հանդիպումներում Մոուրինյոյին բնորոշ է ագրեսիվ պրեսինգի կիրառումը:

Հայելային մարտավարության պայմաններում, կարելի է ասել, իդեալական էր նաև անհատական պրեսինգը, որը «Յունայթեդն» արեց առաջին 15 րոպեներին: Չգիտես ինչու, առաջին կեսի միջնամասում Մոուրինյոն վերակազմավորեց ֆուտբոլիստների դասավորությունը՝ անցնելով 3-5-2 սխեմային: Արդյունքում որոշ դեպքերում հյուրերը գրոհների ժամանակ 3-ն ընդդեմ 2-ի քանակական առավելություն էին ստանում: Մինչև առաջին գնդակը 10 րոպե շարունակ «Արսենալի» ֆուտբոլիստները գնդակին տիրել են 84 տոկոսով: Ավելին, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գոնե մեկ փոխանցում կատարել:

«Արսենալի» համար այս մրցավեճի ցավալի կողմը կենտրոնական պաշտպան Հոլդինգի վնասվածքն էր: Պահեստայինների նստարանին Էմերին չուներ համարժեք փոխարինող: Փոխարինման դուրս եկած Լիխշտայները պաշտպանական եռյակի մաս կազմեց, սակայն հայտնի է, որ այս ֆուտբոլիստն ընդգծված եզրային պաշտպան է: Լիխշտայները եռյակի աջ գոտում էր, Մուստաֆին՝ կենտրոնում, իսկ Սոկրատիսը ստիպված էր գործել ձախ հատվածում: Հարկադրված փոփոխությունը խաթարեց «Արսենալի» գնդակի վերահսկումը դաշտի միջին հատվածում, ինչի պատճառը նման մոդելով խաղացվածության պակասն էր:

Իրավիճակը շտկելու համար Էմերին խաղադաշտ դուրս բերեց Մխիթարյանին, որը, կարծում ենք, բավական հաջող հանդիպում անցկացրեց: Մեր ֆուտբոլիստը փայլուն կերպով կիսապաշտպանությունը կապում էր հարձակման հետ: Այս գործոնը հաշվի առնելով՝ Էմերին խաղադաշտ դուրս բերեց երկրորդ հարձակվողին՝ Լակազետին: Էմերիի այս քայլը ևս արդարացրեց իրեն, և եթե չլիներ Կոլաշինացի կոպիտ սխալը, կարծում ենք՝ «Արսենալը» Մանչեսթերից կհեռանար երեք միավորով: Հենց Մխիթարյանի անմիջական ջանքերով «Արսենալը» խփեց երկրորդ գնդակը: Մեր ֆուտբոլիստը ուներ նաև դարպասը գրավելու լավ հնարավորություն, սակայն վրիպեց: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ազգային հավաքականի ավագը տպավորիչ հարվածով գրավեց Դե Խեայի դարպասը, սակայն տվյալ իրավիճակում խաղից դուրս վիճակում էր:

«Գոհ եմ մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից: Հիմնականում վերահսկում էինք խաղը և սուր գրոհներ էինք ձեռնարկում: Վերահսկումն ավելի լավ էր ստացվում հատկապես երկրորդ խաղակեսում: Որոշ դեպքերում կարող էինք հաղթանակ կորզել, բայց մրցակիցը զգոն էր: Կան խնդիրներ, որոնք պետք է փորձենք լուծել սեղմ ժամանակում: Մենք պետք է բարելավենք խաղը պաշտպանության գծում և չմոռանանք հարձակման մասին: Բնական է, որ ուզում էինք հաղթել, բայց այս արդյունքը կարելի է դրական համարել: Մենք միավոր վաստակեցինք մեծ թիմի դեմ մրցավեճում նրա իսկ հարկի տակ: Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում ամենաբարձր դիրքում չէ, բայց այս թիմում խաղում են վարպետներ, որոնք կարող են անակնկալի բերել ցանկացած մրցակցի»,- խաղից հետո ասել է Էմերին:

Վերջինս նշել է նաև, որ շատ է ցանկանում, որպեսզի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու: «Ինչպես ես, այդպես էլ մեր թիմի ֆուտբոլիսները ցանկանում ենք, որ Օբամեյանգը շարունակի կատարելագործվել: Ուզում եմ, որ նա հնարավորություն ունենա դառնալու ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն: Մենք ուզում ենք օգնել նրան այդ նպատակին հասնելու համար: Երբ նա գոլ է խփում, օգնում է թիմին»,- ասել է Էմերին:

Այս ոչ-ոքիից հետո Լոնդոնի «Արսենալը» 31 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին», վերջինս, սակայն, խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով առավելություն ունի: Լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմն» ունի 33 միավոր: Ու փաստորեն «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու դեպքում «Արսենալը» կհայտնվեր լավագույն եռյակում:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Մանչեսթեր Սիթին», որն ունի 41 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը» վաստակել է 39 միավոր: Հաջորդ հանդիպումն «Արսենալը» անցկացնելու է դեկտեմբերի 8-ին՝ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում հյուրընկալելով «Հադերսֆիլդին»: Դեկտեմբերի 13-ին էլ «Էմիրեյթսում» Էմերիի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով «Ղարաբաղի» հետ:

1in.am