Արցախի 2019թ-ի պետական բյուջեն ներկայացվել է խորհրդարանին. Նախատեսվում է ՀՆԱ 8 տոկոս աճ

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված  ժամկետացանկի: Մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործադիր իշխանության պատասխանատուներ:

ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112մլրդ 340,9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով:  Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում  ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019թ-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաեւ այս տարվա հունիս ամսում կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթեւացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն  մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը: Արթուր Հարությունյանը նաեւ ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ամփոփելով բյուջեի ներկայացումը անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ առանձնացրել գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն ու սպասվող փոփոխությունները: Պետնախարարը նշել  է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:

Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարը առանձնացրել է նաեւ առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը:

Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: