Արցախի ՀՆԱ-ն աճել է 12,2 %-ով

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 197.6 մլրդ դրամ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12, 2 %-ով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր՝ նոյեմբերի  15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության (ԱՎԾ) նախագահ   Մանուշ  Մինասյանը:

 
Նա  նշել  է, որ  2018  թվականի   հունվար-սեպտեմբեր  ամիսներին  ինդեքս-դեֆլյատորը  կազմել  է  101.1 %՝  նախորդ  տարվա՝  102.4%-ի  դիմաց:
 
«Այս տարվա   հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն  ընթացիկ գներով  կազմել է 1342  դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1190 դրամի   դիմաց: Համախառն  ներքին  արդյունքում արձանագրված 12.2 % հավելաճի տեմպի 4.7 %-ն  ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 1.9 %-ն արտադրանքի հարկերը,   իսկ  0.9 %-ը պետական կառավարում և պաշտպանության  ոլորտը: Ընթացիկ  տարվա    նույն  ժամանակահատվածում  հանրապետությունում փաստացի գներով թողարկվել է 88.8 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 88.9 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 132.5 %, ընդ որում՝  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ցուցանիշը եղել  է 152.3%, մշակող արդյունաբերությունը՝ 108.6 %, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 115.9 %, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 71.7 %»,- ավելացրել  է  Մ.  Մինասյանը:

Ոլորտի  պատասխանատուի   խոսքով՝   այս  տարվա  հունվար-սեպտեմբեր  ամիսներին   Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 23.9 տոկոսը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն ունի Մարտակերտի շրջանը` 62.7%:
«Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են  համապատասխանաբար` 70  և 24.7%: Հատկանշական է, որ 94.7 % կազմող գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 19.3 տոկոսը, այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 5.3 % կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 80.7 %-ը»,- մանրամասնել  է   Մ. Մինասյանը:
 
Ըստ  կառույցի  նախագահի՝   ընթացիկ  տարվա  ինն  ամիսներին   ԱՀ-ում  տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017-ի   նույն  ժամանակահատվածի  համեմատ  կազմել    է` 110 %: