Արցախում գալիք տարում սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտներին կհատկացվի մոտ 24 միլիարդ դրամ

2019 թվականին աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին հատկացվելիք գումարները կկազմեն 23մլդ 637մլն 500 հազ դրամ, ինչը 2018թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 730մլն 900 հազար դրամով:
 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ բյուջեի նախագծում ներառված է 250մլն դրամ՝ կենսաթոշակառուների գումարի նվազագույն չափը 25500 դրամ դարձնելու նպատակով, ինչը համահունչ է ՀՀ-ում կատարված փոփոխությանը: 
 
«Սոցիալական պաշտպանության համար նախատեսվող միջոցառումներն ուղղվելու են բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական և գերակա ուղղություններին՝ պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, աշխատանքի, բնակչության զբաղվածության, հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության, վերաբնակիչների փախստականների սոցիալական խնդիրների լուծման, օրենսդրությունների կատարելագործման ու դրա իրականացման ապահովմանը»,- ավելացրել է Ս. Ավանեսյանը:
 
Հաջորդիվ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը՝ նախարարը նշել է, որ «Գործատուի մոտ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում» ծրագրով նախատեսվում է 16.1 մլն դրամի ծախս՝ 2018 թվականի 16.5 մլն դրամի դիմաց: 2018 թվականի համեմատ՝ հատկացումները նվազել են 0.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է շահառուների թվի նվազմամբ:
 
«Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովում և աչքի պրոթեզավորում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաշմանդամներին տրամադրել 420 հատ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, որոնցից՝ 20 աչքի պրոթեզներ, 140 լսողական սարքեր, 60 տարբեր տեսակի թիկնասայլակներ և 200 հատ ձեռնափայտեր ու հենակներ: Նշված պարագաները և նյութերը ձեռք բերելու համար կպահանջվի 56.1 մլն դրամի ծախս: 2018 թվականի համեմատ՝ ծախսերը կավելանան 2.3 մլն դրամով, ինչը պայմանավորված է ձեռքբերվող նյութերի գների և արտարժույթի փոխանակման հետ:
 
«ԱՀ ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի մշակում և ներդրում» ծրագրով 2019 թվականին նախատեսվում է 5 մլն դրամի չափով ծախս՝ պահպանելով 2018 թվականի մակարդակը:
 
«Սոցիալ հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում» ծրագրով նախատեսվում է հատկացնել 10 մլն դրամ՝ պահպանելով նախորդ տարվա մակարդակը: «Գյուղական կամ քաղաքային, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտական բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն» ծրագրով նախատեսվում է  240 մլն դրամի ծախս 80 շահառուի համար՝ յուրաքանչյուրին մինչև 3 մլն դրամ անհատույց աջակցություն:

«ԱՀ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին և որոշ բնակավայրերի բնակիչներին օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցություն» ծրագրով նախատեսվում է 125 մլն դրամի ծախս: Անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել, որ էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցությանն ուղղվող փաստացի ամսական գումարը կազմում է 10.2 մլն դրամ:
 
«Պետական աջակցություն «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին» ծրագրով նախատեսվում է 118.9 մլն դրամի ծախս՝ 2018 թվականի 117.2 մլն դրամի դիմաց: Ծախսերը կավելանան 1.7 մլն դրամ գումարի չափով:
 
«ԱՀ-ում ծնելիության խթանում» ծրագրով շարունակվելու է երախայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը՝ պայմանավորված ընտանիքում ծնված երեխաների հաջորդականությամբ՝ պահպանելով 2010 թ հունվարի 1-ից գործղ չափերը:
 
«Ամուսնության միանվագ նպաստների տրամադրում» ծրագրով  2019 թվականին 2000 անձի համար նախատեսվում է 300 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձին՝ 150 հազար դրամ՝ պահպանելով 2018 թվականի ծախսերի մակարդակը:
 

 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ» ծրագրով նախատեսվում է 1 միլիարդ 80.1 մլն դրամ՝ 2018 թվականի 1 միլիարդ 72.5 մլն դրամի դիմաց: Չաշխատող կանանց տրվող մայրության նպաստի՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից գործող չափը կպահպանվի նաև 2019 թվականին՝ կազմելով 253 հազար դրամ:

Նիստին պատգամավորներն առաջադրել են ոլորտների ծախսերին և գործունեությանը վերաբերող հարցեր: