Հոբելյանական. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 8-ին

Ս. թ. հուլիսի 8-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը՝  ութ օր շարունակ միավորելով կինոփառատոնի երկրպագուներին: 

Հայաստանում սիրված և երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մեկնարկի մասին հունիսի 1-ին համատեղ մամուլի ասուլիսով ազդարարել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ՝ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ողջունել է փառատոնի կազմակերպիչներին. «Ուրախությամբ պետք է նշել, որ այս տարի ամառը ևս մշակութային կյանքով լի է լինելու: Ողջունում եմ նախաձեռնության կազմակերպիչներին և շնորհակալություն եմ հայտնում նվիրական աշխատանքի համար: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեզ սպասում են հաճելի կինոդիտումներ և հանդիպումներ»:

«Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած՝ «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը և մեր գլխավոր գործընկեր Վիվա Սել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որոնց շնորհիվ է նաև, որ «Ոսկե ծիրանն» այսօր տարածաշրջանի կարևորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է և իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։ 
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի հիմնական՝ խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահները և կազմը։ 
Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին /Իրան/: Հանձաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը /Գերմանիա/, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը /Ռուսաստան/,  ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը /Ֆրանսիա/, ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը /Միացյալ Թագավորություն/: 
Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը /Չինաստան/: Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը /Ռուսաստան/, Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը /Լիտվա/, ռեժիսոր և պրոդյուսեր Բենվան Լիսհաութը /Նիդերլանդներ/, միջազգային մի շարք կինոփառատոնների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի մրցանակակիր,  կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը /Ֆրանսիա/։ 
Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։ 
«Արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը` մեր երկրում կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ու անկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում է սերունդներ, այլև ձևավորում է արժեհամակարգ: Այդ մասին է վկայում երիտասարդ սերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստը և մշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, և ես ուրախ եմ, որ Վիվա Սել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է կինոփառատոնի կողքին»,-ասել է Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից գործում է GAIFF Pro /գաիֆպռո/ կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբն սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի C2C /սիթուսի/ համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը: 

Կինոարտադրության այս հարթակը, մասակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9-13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝  ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունիսի 4-ն է, իսկ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համար՝ 2018 թ. հունիսի 15-ը:

Facebook Comments