Արարատ Միրզոյանի թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում. Հրապարակ

Կառավարության լրատվական ծառայությունից որեւէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ։ Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։

Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու։ Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարարներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում։

 

Երբ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից մեզ որեւէ թիվ չասացին, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրին․ «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե․․․ այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրավասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»։

Կապվեցինք քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ։ «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով»՝ «առաջին բորտով»։ Որով երբեք «հին Հայաստանում» որեւէ փոխվարչապետ՝ ո՛չ Վաչե Գաբրիելյանը, ո՛չ Արմեն Գեւորգյանը, չեն թռչել։

Աղբյուրը` Հրապարակ

Facebook Comments