Ինչ արեց պաշտպանության ոլորտի նախկին ղեկավարությունը. Razm.info


Razm.info-ն որոշեց ամփոփել պաշտպանության ոլորտի նախկին ղեկավարության պաշտոնավարման 19 ամիսը։ Ներքոնշյալ մոտեցումներից, ծրագրերից որոշներն արդեն լիարժեք գործում են, մյուսների գործարկումը ընթացքի մեջ է, մնացածը դեռ չեն մեկնարկել։

  • «Ազգ-բանակ»
  • «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»
  • «Ես եմ»
  • «Պատիվ ունեմ»
  • «Զինվորից սպա»
  • «Դիտակետ»
  • Վ․ Սարգսյանի անվան ռազմական և Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների միավորում
  • «Մատչելի բնակարան սպաներին»
  • Զինկոմիսարիատների թվի կրճատում, փաստաթղթերի շրջանառման ավտոմատացում
  • Զինհոսպիտալների միավորում քաղաքացիական հիվանդանոցների հետ
  • Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ռեստարթ
  • Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր
  • Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիր
  • Ուսանողներին տարկետման տրամադրման կարգի փոփոխությունը
  • Սպառազինության նպատակային համալրում
  • «Թումո-Բանակ»
  • Պարտադիր զինծառայողներին վճարների բանկոմատային քարտային համակարգի ներդրում
  • ԶՈւ կառավարման ավտոմատացում
  • Տեխնոլոգիական զորամաս
  • Ռազմական բյուջեի աճ
  • և այլն

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԲՈՒԺՈՒ

Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո առաջին խոշոր նախաձեռնությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամների» հիմնադրամ) ստեղծումն էր: Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար:

Այս պահի դրությամբ հիմնադրամից հատուցում են ստանում 34 զոհված զինծառայողի ընտանիք և 12 վիրավորված զինծառայող:

Ըստ էության հիմնադրամով լուծվեցին մարտական պայմաններում մահացած, վիրավորված զինծառայողների և կամավորների ապահովագրության հարցը։

Միաժամանակ քաղաքացիական և զինվորական առողջապահական ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով միավորվում են մի շարք քաղաքացիական և զինվորական հոսպիտալներ. «Վարդենիսի հիվանդանոցը» և «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալը», «Սիսիանի բժշկական կենտրոնը» և «Զանգեզուրի կայազորային հոսպիտալը»:


ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՒԵՐ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ

Հաջորդ երկու խոշոր ծրագրերն էին պարտադիր զինծառայության՝ նոր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ձևաչափերը:

«Ես եմ» ծրագրով զորակոչիկը ծառայելու է 3 տարի, որից առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը լինելու է մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու է 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքի ևն: Այս ծրագրով արդեն զորակոչվել է 150 երիտասարդ։ [Օրերս «Ես եմ» ծրագրով զինծառայողներին այցի ժամանակ Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ այս ծրագիրը կարևոր է ՀՀ զինված ուժերի համար:]

«Ես եմ» ձևաչափը մի կողմից բանակին ապահովում է ավելի մոտիվացված զինծառայողներով, իսկ մյուս կողմից զորացրումից հետո զինծառայողը «ոտքի կանգնելու» 5 մլն դրամ է ստանում ։

«Պատիվ ունեմ» ծրագիրը բուհերի շրջանավարտներին առաջարկում է երեքամյա սպայական ծառայություն՝ համապատասխան աշխատավարձով: Ծրագրի մասնակիցը բուհում ուսմանը զուգահեռ կրթություն է ստանում ՌՈւՀ-ում։

Բացի այդ, օրենքի փոփոխությամբ՝ ուսումը շարունակելու տարկետում կկարողանան ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու պայմանագիր են կնքում: Պետպատվերով ընդունվողներին տարկետում չի տրվելու: 

Տարկետման կարգի փոփոխությունը նպատակ ունի ՀՀ ԶՈւ-ին «Պատիվ ունեմ» ծրագրի հաշվին համալրել անհրաժեշտ թվաքանակով կրտսեր սպայակազմով , կողմնակի արդյունք կարող է լինել բուհերում տարկետումների հետ կապված կոռուպցիոն երևույթների վերացումը։

Այնուամենայնիվ, նոր կառավարության ԿԳՆ-ն օրերս ներկայացրեց օրինագիծ, որը մեղմացնում է ակադեմիական տարկետում տալու չափորոշիչները:

 

 

 

 

 

 

 

Մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ՝ պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդումից ազատվելու համար տուգանքը վճարելու հնարավորությունը սահմանափակվեց 2019-ի դեկտեմբերի 31-ով: Ընդ որում Վ․Սարգսյանը առաջարկում էր ամեն խուսափած զորակոչի դիմաց սահմանել 500 հազար դրամ տուգանք (նախկինում 100 հազար): ԱԺ-ն չհամաձայնեց՝ իջեցնելով այդ թիվը 200 հազար դրամի:

Տարիներ առաջ ընդունված այս օրենքը  ըստ էության նախատեսվում էր որպես յուրօրինակ համաներում արտասահման տեղափոխված և պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար։ Սակայն միանվագ լինելու փոխարեն օրենքը տարեցտարի երկարաձգվեց և դարձավ փողի դիմաց զինծառայությունից խուսափելը խրախուսող գործոն։ Օրենքի վերջին փոփոխությունը փորձում է զգուշացնել ծառայությունից խուսափել պատրաստվողներին՝հետագայում «հույս չունենալ» փողի դիմաց ազատվել քրեական հետապնդումից։

Նվազեցվեց նաև ՀՀ ՊՆ ՌՈւՀ կուրսանտների հետ կնքնվող 1-ին պայմանագրի  ժամկետը (10 տարի՝ նախկին 20-ի փոխարեն):

20 տարի ժամկետը կարող է վանող գործոն լինել ՌՈւՀ որոշ պոտենցիալ դիմորդների համար․ այս տարբերակով իրենց կյանքի միայն մի մասը բանակի հետ կապել ցանկացնողներն էլ են հնարավորություն ստանում որպես սպա ծառայելու։

«Պաշտպանության մասին» նոր օրենքով սահմանափակվեց ԳՇ պետի պաշտոնավարման ժամկետը. այժմ նա նշանակվում է 5 տարի ժամկետով, սակայն առավելագույնը 2 անգամ անընդմեջ:


ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հանրային քննարկման դրված «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրով նախատեսված է ՀՀ ԶՈւ և այլ ուժային կառույցների սպաներին բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով տրամադրել մատչելի և արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկ (20 տարում սպան վճարելու է միայն մայր գումարը): Եթե զինծառայողը չի ուզում օգտվել վարկավորման տարբերակից, նա շարունակում է մնալ բնակարանի համար հերթագրվածների ցուցակում և սպասել իր բնակարանին։

Ծրագրի գործարկման դեպքում մասամբ կլուծվի տարիներով  հերթում սպասող սպաների բնակարանային խնդիրը։ Կարևոր է նաև այն, որ սա պարտադիր չէ, զինծառայողը կարող է մնալ և սպասել իր հերթին։

Բացի այդ,  2017-ին ոստիկանության՝ տուգանքներից գոյացած արտաբյուջետային ֆոնդից ֆինանսական աջակցություն կամ միանգամից բնակարան տրամադրվեց ՊՆ-ում հերթագրված՝ մահացած և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիքի (կարիքավորների 11,2%-ին):


ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Քանի որ կոռուպցիան ստվերային երևույթ է, որի ծավալների մասին ստույգ տվյալներ ստանալը գործնականում անհնարին է, դրա դեմ պայքարի մասին կարող ենք դատել անուղղակի ցուցիչներով:

Մեր կարծիքով այսպիսի ցուցիչ կարելի է համարել 2017-ին ՊՆ բոլոր գնումների գումարի 10% խնայողությունը, ընդ որում՝ ոչ գնումների ծավալի կամ որակի նվազեցման հաշվին։ Խնայած գումարն ուղղվել է զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։

Բացի այդ որոշվեց, որ պարտադիր զինծառայողները ամսական վճարումները պարտադիր զինծառայողները այլևս չեն ստանալու սպաների միջոցով, այլ բանկոմատներից։

Ուժեղացվեց նախարարության հետադարձ կապը ժամկետային զինծառայողների հետ. 2017-ին գործարկվեց «Դիտակետ» ծրագիրը, որի շրջանակներում  նոր զորացրվածների մեծ մասը մանրակրկիտ սոցհարցման միջոցով գնահատում են զինվորական համակարգը, ծառայության պայմանները և այլ գործոններ, այդ թվում կոռուպցիայի դեպքերը:

 

 

 

 

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Արցախյան պատերազմը ներկայում դիրքային պայքարի փուլում է, որում հաջողության գրավականներից է անձնակազմի անձնական հանդերձավորման որակը, բնակլիմայական պայմանների համար օպտիմալ հագուստը, ինչպես նաև հսկման գիշերային և ցերեկային անհատական սարքավորման առկայությունը։

Այս խնդրի լուծման ուղղությամբ ևս աշխատանքներ են արվել։ Փորձարկվել են զինվորական կոշիկների նոր մոդելներ, բարելավվել է համազգեստների գործվածքի որակը, զինծառայողներին բաժանվել են անհատական բժշկական պայուսակներ: Իսկ 2018-ին նախատեսվում է նոր մոդելի զրահաբաճկոնների ընդունում սպառազինություն:

ՊՆ-ն նաև հրաժարվել է զինվորական հանդերձանք մատակարարող ընկերության ծառայություններից «ապրանքի անորակ լինելու պատճառով». «Գևգրուպ» ընկերության մատակարարած 52.000 հատ ապրանք է հետ վերադարձվել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՌԱՋՆԱԳԾԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԴՆՈՒՄ

Ապրիլյան պատերազմից հետո նաև 2017-ին շարունակվեցին առաջնագծում ամրաշինական աշխատանքները, այն ողջ երկայնքով կահավորվեց տեսահսկողության, գիշերային տեսանելիության սարքերով: ՊԲ հենց այս միջոցներով էլ նկատվեցին 2017-ի փետրվարի 25-ի ադրբեջանական կողմի նախաձեռնած դիվերսիոն փորձերը և կանխվեցին: Նշենք, որ զինվորականների խոսքով՝ այս դեպքից հետո կտրուկ նվազել, գրեթե բացառվել են դիվերսիոն ներթափացման փորձերը:

Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակները համալրվեցին «ԻԳԼԱ-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով՝ կից «Մաուգլի» գիշերային նշանոցներով:

ՀՀ բանակի արդիաականացման 7-ամյա ծրագրով ԶՈւ-ն պիտի համալրվելի արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոցման ու ինժեներական միջոցներով:


ՌԷՊ, ԱԹՍ-ներ

2016-ի ապրիլյան մարտերը ապացուցեցին, որ ժամանակակից պատերազմներում էապես մեծացել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների դերը, ինչպես հակառակորդի կապի ճնշման, այնպես էլ օրինակ՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի նպատակով, ընդգծվեց նաև սեփական անօդաչու սարքերի զարգացման անհրաժեշտությունը։

Այս ընթացքում բանակը համալրվեց միջին և փոքրաչափ ԱԹՍ֊ների դեմ պայքարի ՌԴ արտադրության «Ռեպելլենտ» համալիրներով։ Սպառազինության ընդունվեցին սեփական արտադրության հետախուզական փոքր անօդաչուներ։ ՀՀ ՊՆ ՌԱՊԿ նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը հայտարարեց՝ հայկական ռազմարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մի քանի մշակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խանփերյանցի անվ․ ռազմական ավիացիոն համալսարանում բացվեց ԱԹՍ-ների մասնագետների պատրաստման բաժին։


ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՒ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒ

ՌՈՒՀ-եր դիմորդների փոքր քանակը դժվարեցնում է բավարար թվով որակյալ կադրերի պատրաստումը։ Ներքոնշյալ ծրագրերը նպատակ ունեն լուծել «կադրային սովի» այդ խնդիրը։

Պետբյուջեից ՌՈւՀ-երին ֆինասվորման օպտիմալացման նպատակով միավորվում են Վ․Սարգսյանի անվան ռազմական և Ա․ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ դառնալով մեկ համազորային ու ռազմաավիացիոն համալսարան։

Բացի այս, ՊՆ նախաձեռնությամբ, «Փոքր Մհեր» և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանները միավորվեցին և տեղափոխվեցինԴիլիջան՝ նախկինում ՊԵԿ-ին պատկանող նորակառույց շենք։ 2017-ին առաջին անգամ այս վարժարան ընդունելությունը եղել է մրցույթով՝ երեք դիմորդ մեկ տեղի համար։ Իսկ այս տարի մեկ տեղի համար ինը դիմորդ է: Անցած տարի մրցույթային էր նաև Վ․ Սարգսյանի անվան ՌՈւՀ ընդունելությունը:

Ավելին ՝հայտարարվեց, որ «Զինվորից սպա» նոր ծրաֆրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինծառայությունն արդեն անցածները կկարողանան 2 տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ ռազմական համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն համալսարանում, երկու տարում կստանան բակալավրի դիպլոմ և սպայական կոչում։

Ծառայության այս տեսակի դեպքում սպան իր կարերիան սկսում է զինվորից, զինվոր-սպա անջրպետն է վերացնում։ Ապրիլյան պատերազմից հետո այսպիսի նախադեպեր ունեցանք, երբ իրենց գերազանց դրսևորած զինծառայողներին առաջարկվեց ծառայությունը որպես սպա շարունակել։

 

 

 

 

 

ՀՀ ԶՈւ և ՊԲ զորամասերում հիմնվեցին «Թումո» կենտրոնի մասնաճյուղեր․ «Թումո-բանակ» ծրագիրը զինծառայողներին տալիս է ՏՏ հմտություններ, որոնք քաղաքացիական կյանքում կարող են օգնել աշխատանքի ընդունվելիս

 

 

 

 

 

ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով մշակվեց ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը։ Սահմանվեցին մինչև 2020թ. ՀՀ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունների գերակա ուղղությունները։ Վիգեն Սարգսյանի ներկայցմամբ արդեն նոր կառավարությունը որոշում կայացրեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին, որը ուսումնասիրելու և որոշելու է հայկական զինված ուժերի պահանջարկը և կազմելու է համապատասխան առաջադրանքներ։

ՀՀ ՊՆն ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծում է նաև նոր զորամաս, որտեղ ծառայելու են համապատասխան մրցույթը հաղթահարած, տեխնիկական գիտությունների բակալավրի աստիճան ունեցող զորակոչիկները:

Հայաստանում հատուկ նշանակության հետազոտությունների և մշակումներին (1,2) 2018-ի բյուջեով այս ոլորտին որոշվեց մոտ 50 տոկոսով ավելի շատ հատկացնել, քան 2017-ին (2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճեց ավելի քան 18 տոկոսով):

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակված բանակի արդիականացման նախատեսվում է, որ

  • առաջիկա 7 տարում առաջնագծում առավելապես պայմանագրայիններ կհերթապահեն,
  • պաշտպանության ծախսերին կհատկացվի ոչ պակաս քան ՀՆԱ-ի 4 տոկոսը,
  • Կներդրվի նոր միասնական ավտամատացված կառավարման համակարգ՝ հասնելով թվայնացված կառավարման,
  • ևն։

Սկսվեց զինկոմիսարիատների խոշորացման գործընթացը և փաստաթղթերի շրջանառման և կառավարման  համակարգի փոփոխությունը։ Առաջին փուլով 20 նախատեսվում էր, որ 20 զինկոմիսարիատ կխոշորացվի 7-ի։ Բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի հատուկ  քաղաքացիական ծառայությունը։ Այս նպատակով բանակում պետք է ձևավորվեր տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որն համակարգելու էր ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը։

[Զինկոմիսարիատների աշխատակիցների մայիսի 16-ի բողոքի ակցիայից հետո ՊՆ-ն հայտարարեց, որ հանձնարարվել է շարունակել օպտիմալացման աշխատանքները, սակայն դրանց շուրջ վերջնական որոշման կայացումը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը:]


ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերին, Երևանում  կնքվեց վարկով սպառազինության ձեռքբերման նոր համաձայնագիր՝ 100 մլն դոլարի չափով։ Հայտնի չէ, թե ինչ տեսակի սպառազինություն է գնվելու այս վարկով: Սակայն ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը հայտարարեց

«Մենք ընտրում ենք, գնում ենք այն զինատեսակը, որը մեզ է անհրաժեշտ, և չկա ռուսական կողմից այն մոտեցումը, որ ես և՛ վարկն եմ տալիս և՛ առաջարկում եմ գնել հենց այս զինատեսակը»:

ՀՀ ԶՈւ պահանջների հետազոտություն անելու է նաև  Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը, որը մշակելու է մարտավարական առաջադրանքներ։

Նպատակային համալրման օրինակ է նաև «Կոռնետ» հակատանկային համալիրների, «Իգլա-Ս», «Վերբա» ԶՀՀ-ների, «Կորդ» գնդացիրների, «Ռեպելլենտ» համալիրների, խոցման միջոցների ձեռքբերումը։

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՐՑԵՐ

ՀՀ վարչապետի որոշումով՝ 2017-ի փետրվարի 13-ին ստեղծվեցմիջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում էին նաև մի շարք նախարարների տեղակալներ: Հանձնաժողովը պարբերաբար հանդիպում էր այս շրջանների բնակչության հետ և ուղղորդում միջազգային կազմակերպություններին։

Մարզային  հիվանդանոցների և զինհոսպիտալների միավորումը կատարվել է նաև այս հանձնաժողովի աշխատանքների շրջանակում

 

 

 

 

 

 

Վիգեն Սարգսյանը իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որ այս ծրագրերը ՊՆ հաջորդ թիմը հաջողի։ Իսկ ՊՆ մարտական դրոշը Դավիթ Տոնոյանին փոխանցելուց առաջ իր թիմի հետ 10 ժամյա բրիֆինգի ընթացքում ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, նախարարին ներկայացրեց վերջին մեկուկես տարվա ընթացքում կատարված աշխատանքը:

* * *

2016 թ. հոկտեմբերին Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի՝ համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարար և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակվելուց հետո, Razm.info-ն փորձել էր ուրվագծել պաշտպանության ոլորտի նոր ղեկավարության բազում անելիքները։

Ինչ էինք ակնկալում նոր ղեկավարությունից.

  • Ռազմական կրթության որակի և գրավչության բարձրացում
  • Պայքար կոռուպցիայի դեմ
  • Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանություն. կոմունիկացիոն, պաշտպանական ու տնտեսական ենթակառուցվածքների շարունակական զարգացման ընդհանուր հայեցակարգի մշակում
  • Անհատական հանդերձավորման միջոցների զարգացում
  • Առաջնագծի մոնիթորինգի, հետախուզության միջոցների ներդնում
  • Կապ, ՌԷՊ, ԱԹՍ-ներ
  • Հրետանու արդիականացում
  • Ավելի մեծ ուշադրություն տակտիկական մակարդակին
  • Ավելի շատ նախաձեռնողականություն մարտական իրավիճակներում

Արձանագրենք, որ մեր ակնկալիքների մեծ մասի  ուղղությամբ զգալի առաջընթաց կա։

Շատ կարևոր է նաև այն, որ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց հետևյալը․ «․․․պաշտպանության ոլորտի զարգացման ոլորտում, առավել՝ քան մյուս բոլոր ոլորտներում, չի կարելի այս կամ այն ծրագիրը չեղարկել զուտ նրա համար, որ դա մշակվել եւ ներդրվել է մեկ այլ քաղաքական ուժի կամ կառույցի ղեկավարի կողմից»։

Ըստ էության սա հավաստիացում է, որ պաշտպանության ոլորտի նախորդ ղեկավարության կարևոր ծրագրերը կշարունակվեն։

Facebook Comments